Վահան Տերյան․ փաստեր

Վահան Տերյանը (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան) ծնվել է 1885 թվականին հունվարի 28-ին (փետրվարի 9) Թիֆլիս նահանգի Գանձա գյուղում։ Նա նշանավոր հայ բանաստեղծ է, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ։

  1. 1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս և պատրաստվում է ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։
  2. 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի հետ։
  3. Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին և ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։
  4. 1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն։
  5.  1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի «Երկիր Նաիրի» շարքը։
  6. 1912 թվականին հիմնադրում է «Պանթեոն» հրատարակչությունը։
  7. Հայերենից ռուսերեն է թարգմանում Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն, Րաֆֆու «Կայծեր»-ի առաջին հատորը, Շիրվանզադեի «Չար ոգի»-ն։
  8.  Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը։
  9. 1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը։
  10.  Օրենբուրգում վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում թոքաբորբից։

Վահան Տերյանի մասին

Դուք բանաստեղծ եք։ Դա ամենագլխավորն է։ Դուք խոսքերի հետ չեք խաղում… Ես ուրախությամբ ողջունում եմ Ձեր մուտքը գրական ասպարեզ, բարով եկաք… Շատ գեղեցիկ են և գրեթե մեր լիրիկայի մեջ նոր բաներ… Լեզուն մաքուր, զտված և արծաթե զանգի պես հնչուն… Մեր վերնատան մեջ պատվավոր տեղ ունի… 1908 թվականին Վ. Տերյանը հրատարակեց իր «Մթնշաղի անուրջները», ու առաջ եկավ երրորդ, նորագույն շրջանը, որի մասին հանդիսավոր ու հավաքական կերպով խոսում ենք էսօր Հայ գրողների ընկերության մեջ։ — Հովհաննես Թումանյան

Վահան Տերյանը այն բախտավոր հեղինակներից էր, որոնք մի առավոտ զարթնում են հայտնի դարձած, և դա ոչ թե պատահականության բերումով, այլ շնորհիվ իրենց մեծ տաղանդի։ Նրա առաջին իսկ գիրքը… հռչակեց նրան որպես բանաստեղծ և պատվավոր տեղ ապահովեց հայկական պառնասում։ Նա հրապարակ իջավ միանգամից որպես վարպետ։«Մթնշաղի անուրջները» ավելի ջերմ ընդունելիություն գտավ երիտասարդության կողմից, մի կարճ միջոցում Տերյանն ունեցավ հետևորդների մի ամբողջ բազմություն։ Իսկ երկրպագուների թիվ չկար։ Պահ մի մոռացվեցին մեր անվանի բանաստեղծները, ամենուրեք՝ երեկույթներում, ընտանիքներում, ընկերական շրջաններում արտասանում էին Տերյանի սոնետներն ու էլեգիաները։ Սկսվել էր պարզապես Տերյանական շրջան, Տերյանի էպոխա։ Օդը լիքն էր Տերյանով. երիտասարդության խոսակցության նյութն ամեն տեղ նրա բանաստեղծություններն էին, իսկ ընկերների ու սիրահարների սրտագին նվերը միմյանց՝ «Մթնշաղի անուրջները»։ — Ստեփան Զորյան

Վահան Տերյանի հիշատակին

Վահան Տերյան, ինչպե՞ս երգեմ հիշատակը քո,
Թող լուռ փռվի հիմա իմ դեմ անլույս երեկո։
Սրտիս վրա իջնի թող մութ մի ամպի քուլա,
Քամին բերե թող մահվան բոթ, ու անձրևը լա։
Եվ թող թափվեն շուրջս աշնան տերևներ դեղին
Եվ զարդարեն, Վահան Տերյան, քո անցած ուղին։
Ու մշուշում տխո՜ւր երգով բյուրավոր զանգեր
Թող օրհներգեն թախիծը քո, իմ հեռու ընկեր…
— Եղիշե Չարենց

Նրանք ասում են, որ դու անցել ես,
Ու հնացել ես, ու հեռացել,
Որ լքել են քեզ ու մոռացել
Օրերում այս խենթ ու դարձդարձիկ.
Բայց տե՛ս — կանչում է ահա մի ձեռ
Եվ մի սիրտ, որ քեզ սիրում է դեռ.
― Վերադարձի՛ր, օ, վերադարձի՛ր…
— Եղիշե Չարենց

Оставьте комментарий